
5 ծնողական «մեղքեր», որոնք գործում ենք բոլորս
Մեր երեխաներն այնքա՜ն արագ են մեծանում, իսկ մենք՝ ծնողներս, հաճախ այնքան ենք շտապում, որ չենք էլ նկատում՝ երբ ու ինչպես ենք գործում ամենատարածված հինգ ծնողական «մեղքերը»…
1․ Երեխային շտապեցնելը
Մենք՝ ծնողներս, կյանքի արագ ռիթմով ենք ապրում ու հաճախ շտապում ենք, անընդհատ վազքի մեջ ենք։ Իսկ երեխաները չեն շտապում ու վայելում են ամեն վայրկյանը։ Երբ շտապեցնում ենք երեխաներին, մենք զրկում ենք նրանց իրենց սեփական զգացողություններին հետևելու ու ներքին մղումներին լսելու հնարավորությունից։
2․ Երեխային ստելը
«Խաղալիքի խանութը փակ է». ավելի հեշտ է ասել, քան բացատրել, որ այսօր խաղալիք չենք կարող գնել։ Բայց անգամ փոքրիկ սուտը կարճ կյանք ունի, այն հաճախ բացահայտվում է, երեխան հիասթափվում է, սկսում չվստահել մեզ։
3. Երեխային ուրիշների հետ համեմատելը
«Տես՝ ընկերդ արդեն սովորել է, դու ինչո՞ւ չես…»․․․ Մեր ուղեղը սովոր է համեմատել, դա մեզ հաճախ օգնում է կողմնորոշվել տարբեր իրավիճակներում, բայց երեխայի հետ հարաբերություններում այն կասկածի տակի է դնում ծնողի կողմից անվերապահորեն սիրված և ընդունված լինելու զգացումը, նվազեցնում է նրա ինքնավստահությունը։
4․ Երեխայի փոխարեն անելը
Ավելի հեշտ է արգելել երեխային կտրատել բանջարեղենը, քան հետո երկար հավաքել խոհանոցը։ Մեկ անգամ, երկու անգամ և չենք էլ նկատում, թե ինչպես է սա սովորություն դառնում։ Տարիներ անց տեսնում ենք, որ երեխան ինքնուրույն ոչինչ անել չի ցանկանում կամ չի կարողանում։
5. Անհետևողականությունը
Երբ մենք ասում ենք մի բան, իսկ անում ենք հակառակը, երբ մենք չենք պահում մեր խոստումները, երբ հաստատում ենք կանոններ, սակայն հետևողական չենք լինում դրանց պահպանման հարցում, մենք արժեզրկում ենք երեխայի աչքերում մեր խոսքը և մեր դերը, նրա մոտ անապահավության զգացում ենք առաջացնում։
Դե լավ, բոլորս էլ մարդիկ ենք, ռոբոտ չենք, կարող ենք սխալվել, դա նորմալ է։
Ինքնախարազանման փոխարեն եկեք ամեն օր փորձենք լինել մի փոքր ավելի լավը, մի փոքր ավելի շուտ սկսել նախապատրաստումը, լինենք ավելի համբերատար, ավելի անկեղծ, ավելի վստահող, ավելի հետևողական։ Վստահ եմ՝ մեզ մոտ կստացվի․․․