Back

Ի՞նչ է ծնող-երեխա կոնֆլիկտը

Կոնֆլիկտը լավ բան է։ Այն սահմանների մասին է։ Այն փոխզիջումների մասին է։ Դու ուզում ես մո՞ւլտ նայել։ Բայց մենք պիտի խանութ իջնենք հիմա, թե չէ սոված կմնանք երեկոյան։ Արի լուծում գտնենք, որ երկուսիս էլ կգոհացնի․ հիմա իջնում ենք խանութ, իսկ հետո միասին մուլտ ենք նայում։ — Երեխան սովորում է ավելի լավ զգալ սահմանները, հասկանալ դիմացինի սահմանները, փորձել տարբեր ռազմավարություններ։ Տանը։ Մամայի հետ։ Ապահով միջավայրում։
Եթե մաման բարկացած է, նորմալ է դա ցույց տալ։ Եվ բացատրել՝ «Ես հիմա բարկանում եմ, որովհետև շատ գործ ունեմ անելու։ Խնդրում եմ, թույլ տուր ես մենակ մնամ մի փոքր։ Հետո ես քեզ հետ կխաղամ»։ Նորմալ է ունենալ զգացմունքներ ու հույզեր։ Հարցը միայն նրանում է՝ ինչպես դրանք արտահայտել։ Ինչպես ընդունել դիմացինի հույզերը։ Ինչպես հարաբերվել ուրիշների հետ, եթե ուժեղ զգացմունքներ ես ապրում։ — Երեխան սովորում է ավելի լավ հասկանալ հույզերը՝ սեփական և ուրիշների, փորձարկում է դրանց արտահայտման տարբեր ձևեր։ Տանը։ Մամայի հետ։ Ապահով միջավայրում։
Կարելի է ամեն ինչ չհասցնել։ Կարելի է սահմանել առաջնահերթություններ։ Եվ հրաժարվել նրանից, ինչ հենց այս վայրկյանին կարևոր չէ։ Կամ կարևոր է, բայց կարող ենք և առանց դրա ապրել։ Կարելի է լինել ոչ կատարյալ։ Հաստատ կարելի է։
Սկզբում դու սովորում ես ընդունել քեզ, այ իսկ դրանից հետո նոր երեխային։ Այդքա՜ն անկատար։ Բայց այդքա՜ն սիրելի։ Եվ եթե դու ընդունում ես նրան, ինքն էլ ընդունում է քեզ։ Ամեն ձևի։ Տարբեր։ Չար ու բարի, ջղային ու հոգատար, լացող ու ծիծաղող, սխալական, հաղթող, ընկնող ու վեր կացող։ Ամեն ձևի։
Բայց ամեն ինչ սկսվում է քեզնից։
Սցենարներ ունենք բոլորս։ Բայց հետևել դրանց, թե ոչ, բերել-հասցնել գիտակցական մակարդակի, թե ոչ, շտկել դրանք, թե շարժվել արդեն ծանոթ արահետով – ընտրությունը մերն է։