Հետ
Եկե՛ք միասին ստեղծենք հոգեկան առողջության մասին նյութեր

Եկե՛ք միասին ստեղծենք հոգեկան առողջության մասին նյութեր

Հրավիրում ենք 13-17 տար․ դեռահասների և տարբեր տարիքի երեխաներ ունեցող ծնողների մասնակցել «Դեռահասների և ծնողների կողմից հոգեկան առողջության և սոցիալ-հուզական թեմաներով տեղեկատվական նյութերի մշակում» ծրագրին։

Ծրագիրն իրականացվում է «Ծնողի դպրոց» ՀԿ-ի կողմից՝ ՅՈՒՆԻՍԵՖ-ի հետ համագործակցությամբ և Ճապոնիայի միջազգային համագործակցության գործակալության ֆինանսավորմամբ։

Նպատակ

Ծրագրի նպատակն է դեռահասների և տարբեր տարիքային խմբի երեխաներ ունեցող ծնողների օգնությամբ դուրս բերել հոգեկան առողջության ոլորտում դեռահասներին և ծնողներին հետաքրքրող թեմաները և հիմնական կարիքները, ապա համատեղ մշակել դրանց մասին զանազան տեղեկատվական նյութեր։

Ծրագիրն իրականացվելու է մի քանի փուլով․

  • Երկօրյա դասընթաց, որը ներառելու է աշխատաժողով, խմբային աշխատանք և տեղեկատվական նյութերի մշակման սկիզբ (հոգում ենք սնունդը, ինչպես նաև տրանսպորտը և գիշերակացը ըստ անհրաժեշտության)

  • Առցանց և առկա հանդիպում-քննարկումներ հետագա շաբաթների ընթացքում (ամիսը 1-2 անգամ)

  • Մշակված նյութերի թեստավորում և վերջնականացում


Գալիք 2-օրյա դասընթացի գրաֆիկը․

1․ Գեղարքունիք, Վայոց ձոր, Սյունիք մարզերի համար
ք․ Գորիսում
նոյեմբերի 29-ին և 30-ին, ժամը 10:00-16:00
(վայրի և ծրագիրի մասին հավելյալ կտեղեկացնենք ընտրված մասնակիցներին)
 

2. Լոռի, Շիրակ, Տավուշ մարզերի համար
ք․ Վանաձորում
դեկտեմբերի 6-ին և 7-ին, ժամը 10:00-16:00
(վայրի և ծրագիրի մասին հավելյալ կտեղեկացնենք ընտրված մասնակիցներին)

Դեռահասների հետ դասընթացի ժամանակ քննարկվելու են հետևյալ թեմաները՝

  • Դեռահասության շրջանի տարիքային առանձնահատկությունները

  • Հոգեկան առողջություն․ նորմա և պաթոլոգիա

  • Հոգեկան առողջության խնդիրները դեռահասության շրջանում

  • Հոգեկան առողջության խնդիրների հաղթահարում

Ծնողների հետ դասընթացի ժամանակ քննարկվելու են հետևյալ թեմաները՝

  • Երեխաների զարգացման տարիքային առանձնահատկությունները

  • Ծնողների հիմնական խնդիրներն ու դժվարությունները տարբեր տարիքային փուլերում գտնվող երեխաների հետ

  • Գիտակցված ծնողավարման հիմնարար սկզբունքներն ու մոտեցումները

  • Ծնողական դժվարությունների հաղթահարում․ հնարավոր լուծումներ և հաղթահարման ուղիները

‼️Շատ խրախուսում ենք դեռահաս+ծնող համատեղ մասնակցությունը ծրագրին։ 

Դասընթացից հետո, հիմնվելով ձեռքբերած գիտելիքների և ամենակարևորը ձեր փորձի ու գաղափարների վրա, կվերհանենք հոգեկան առողջության ոլորտում ձեզ հետաքրքրող թեմաները, տեղեկատվական բացերը և ամենից շատ անհանգստացնող խնդիրները, կորոշենք դրանց լավագույնս արձագանքելու եղանակները և կսկսենք մշակել նյութերը՝ ՀԱՄԱՏԵՂ։ 

Նյութերի շուրջ քննարկումները կշարունակվեն առցանց (երբեմն էլ առկա) հանդիպումների տեսքով՝ ամիսը 1-2 անգամ՝ մինչև փետրվարի ավարտը։ Այդ քննարկումները կօգնեն վերանայել մշակվածը, շտկումներ և փոփոխություններ կատարել՝ մինչև որ մշակված նյութերը ձեր բոլորի կողմից հավանության արժանանան։

Շատ խրախուսում ենք դեռահասների կողմից նյութերի լիարժեք ինքնուրույն մշակումը (իսկ մասնագետները միշտ հասանելի կլինեն՝ օգնելու համար)։ 

Դեռահասների ծրագրին կարող եք մասնակցել, եթե․

  • 13-17 տարեկան եք,

  • Բնակվում եք Շիրակի, Լոռու, Տավուշի, Գեղարքունիքի, Վայոց ձորի, Սյունիքի մարզերից մեկում

  • Սիրում եք ստեղծագործել, մշակել ու խմբագրել տեքստեր և դա ձեզ մոտ լավ է ստացվում,

  • Ունեք ասելիք դեռահասների հուզական աշխարհի, հոգեբանական առանձնահատկությունների թեմաներով, տեսնում եք խնդիրներ և ցանկանում եք բարձրաձայնել դրանց մասին։

Դեռահասների մասնակցությունը ծրագրին կտա.

  • նոր գիտելիքներ հոգեկան առողջության ոլորտում,

  • կարևոր նյութեր ստեղծելու, նյութերի հեղինակ կամ համահեղինակ դառնալու հնարավորություն,

  • կամավորական աշխատանքի փորձ և վկայական, որոնք կօգնեն բուհ կամ աշխատանքի ընդունվելիս,

  • նոր ընկերներ, ծանոթություններ, կապեր, հետաքրքիր ու ուրախ ժամանց։

Ծնողների ծրագրին կարող եք մասնակցել, եթե․

  • 0-18 տար․ երեխաների ծնող եք ԿԱՄ հենց ծրագրին մասնակցող դեռահասի ծնողն եք,

  • Բնակվում եք Շիրակի, Լոռու, Տավուշի, Գեղարքունիքի, Վայոց ձորի, Սյունիքի մարզերից մեկում

  • Ցանկանում եք օգնել մեզ դուրս բերել ծնողավարության, ծնողների բարեկեցության, հոգեկան առողջության ամենաարդիական թեմաները։

Տեխնիկական մանրամասներ.

  • դասընթացին մասնակիցները ապահովվում են սնունդով, ինչպես նաև տրանսպորտով և գիշերակացով ըստ անհրաժեշտության․

  • մասնակիցներն ընտրվելու են առցանց ծանոթացում-հարցազրույցի միջոցով․

  • ծրագրի տևողությունը՝ նոյեմբերից փետրվար․

  • ամբողջ ծրագրին մասնակցած դեռահասները ստանալու են կամավորական աշխատանքի վկայականներ և նվերներ՝ մեծ ու գեղեցիկ արարողության ժամանակ։

Գրանցվելու համար անցե՛ք այս հղումով կամ սեղմեք ստորև ԳՐԱՆՑՎԵԼ կոճակը և լրացրե՛ք կարճ հարցաթերթը։