Back

Իմ ժամանակը․․․

Երևի չի գտնվի մեկը մեր էջում, ով առարկի, որ ծնող լինելն աշխարհի մեծագույն պարգևն է։ Սակայն երբեմն դա աննկարագրելի բարդ է: Կան օրեր, երբ պարզապես ուժ չկա համբերելու, լսելու, հասկանալու, ժպտալու, խաղալու… Հենց այդ օրերին է բարկությունը «հաղթում» մեզ ու դրդում անել բաներ, որոնց համար հետո զղջալու ենք։
Ինչպե՞ս պայքարել սրա դեմ։
Ունենալ ժամանակ ինքդ քո համար:
Գիտենք՝ բարդ բան ենք ուզում, բայց եկեք մտածենք․
Ո՞ւր է կորել օրվա իմ մասը։
«Իմ ժամանակը»
Երբ ես անում եմ այն, ինչ ինձ հաճելի է
Եվ ուրիշ ոչինչ:
Միգուցե այդ ժամանակը «գողացել է» ծանրաբեռնված աշխատանքը, հավերժ տնային գործերը, մանրուքներին մեծ ուշադրություն դարձնելը, ամեն ինչ միայնակ կամ ամեն ինչ կատարյալ անելու ցանկությունը, կամ էլ, հավանական է, սոցիալական ցանցերը…
Թող լինի ընդամենը 15 րոպե։
Լուրջ։
Միայն 15 րոպե։
Բայց ԻՄ ու միայն իմ 15 րոպեն։
Ես արժանի եմ իմ ժամանակին, որն ինձ հանգստանալու ու վերալիցքավորվելու հնարավորություն կտա: Եվ այստեղ երկակի շահ կա․ «իմ ժամանակը» ինձ օգնելու է խաղաղություն բերել ոչ միայն իմ ներսում, այլև իմ տուն, իմ ընտանիք ու իմ երեխաների կյանք…
Ի՞նչ անել այդ 15 րոպեն․
Տարբերակները շատ են․
Միայնակ նստել ու վայելել մեկ բաժակ թեյը։
Լսել սիրած երաժշտություն։
Զբոսնել մեկի հետ կամ մենակ։
Դիտել աշխարհի ամենատափակ ֆիլմը։
Սովորականից երկար լողանալ։
Ի վերջո՝ «ոչինչ չանելով» զբաղվել։
Ո՞րն է ձեր լավագույն տարբերակը… Գրեք ներքևում, մեկ անգամ ևս վերհիշեք ու կրկնեք ինքներդ ձեզ, որ դուք ունեք այդ «իմ ժամանակը»։
Երջանիկ է այն երեխան, որն ապրում է երջանիկ ընտանիքում՝ երջանիկ ծնողների հետ…